National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.04.2015
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարություն
1 / 9

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 21-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է ՀՀ Ազգային ժողովի նախորդ նիստում քննարկված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության քվեարկության հարցը:

ԱԺ հայտարարության նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Համլետ Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Վոլոդյա Բադալյանը, Տաճատ Վարդապետյանը, Մհեր Շահգելդյանը եւ Արծվիկ Մինասյանը:

Նախագիծն ընդունվել է միաձայն՝ 113 ձայնով:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ԱԺ հայտարարության տեքստը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`

- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի` 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի` 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,

- արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,

- կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,

կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am